Փետրվարի 12-ին առնվազն 373 մարդ է վիրավորվել Բեյրութի խորհրդարանական շենքի դիմաց մեկնարկած բողոքի ցույցը ցրելու հետևանքով: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կողմից մահակներ և արցունքաբեր գազ գործածելուց հետո 45 մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում՝ պատգամավորներից մեկը, որը ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Լիբանանում բողոքի ցույցեր են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքական համակարգի արմատական վերափոխում, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և տեխնոկրատների կառավարության ձևավորում: Ցուցարարներին հաջողվել է հասնել նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրիի ու նրա կաբինետի հրաժարականին, բայց ցույցերը չեն դադարում, որովհետև Հարիրիի իրավահաջորդ Հասան Դիաբը նույն քաղաքական համակարգի մաս է համարվում:
Հիշեցնենք նաև, որ այսօր Լիբանանի խորհրդարանը 63 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ (մի շարք պատգամավորներ բոյկոտել էին խորհրդարանական նիստը), վստահություն է հայտնել Հասան Դիաբի կառավարությանն ու նրա ներկայացրած գործունեության ծրագրին:
Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ Լիբանանի վարչապետը ներկայացրել է լայն բարեփոխումների ծրագիր: Նա խոստացել է արդիականացնել դատական և ֆինանսական համակարգերը, պետական կառավարման կառուցվածքը, անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ, օգնել աղքատներին, միջոցներ ձեռնարկել տնտեսական ակտիվությունն ակտիվացնելու համար: Միաժամանակ, Դիաբը խոսել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից ցավոտ քայլերի անհրաժեշտության մասին և լիբանանցիներին հորդորել է իրենց շտապեցնելով հանդերձ, նաև համբերատար լինել: