Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի սեզոն է, ու լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` դեռևս 2019 թվականի նոյեմբերից շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակները և գրիպի Բ տեսակի հարուցիչները: ՀՀ առողջապահության նախարարությունը, սակայն, առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից՝ կապված «խոզի գրիպի» տարածման հետ և տեղեկացնում, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությունների՝ դեռևս 2010 թվականից «խոզագրիպ» եզրույթն այլևս կիրառելի չէ:
«Խոզագրիպ» եզրույթը կիրառվում էր միայն 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված գրիպի Ա տեսակի ենթատեսակ էր և «անծանոթ» էր մարդկության համար:
2010 թվականից գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և այլևս չունի համավարակ՝ պանդեմիա առաջացնելու ներուժ: Ավելին՝ վերջինս արդեն 10 տարի է՝ շրջանառում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում:
Նշենք, որ գրիպի Ա տեսակի H1N1, H3N2 ենթատեսակների և գրիպի Բ տեսակի (դրանք ներկայումս, որպես մարդու գրիպի տեսակներ և ենթատեսակներ, շրջանառում են թե՛ եվրոպական տարածաշրջանի երկրներում և թե՛ Հայաստանում) դեմ առկա է պատվաստանյութ, ինչով ապահովված են բոլոր բժշկական կազմակերպությունները, որն էլ համարվում է գրիպի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Ավելին, բժշկական կազմակերպություններն ապահովված են հետգրիպային բարդություններով պացիենտների բուժում ապահովող դեղով:
Այսօր հանրապետության որոշ բժշկական կազմակերպություններում գրիպի ախտորոշման նպատակով կիրառվում են արագ ախտորոշիչ թեստեր, այնինչ դրանք, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կողմնորոշիչ են և արդյունքում կարող են ապահովել հետազոտության ոչ ճիշտ արդյունքներ: Գրիպի ախտորոշումն իրականացվում է միայն լաբորատոր մասնահատուկ մեթոդով (պոլիմերազային շղթայական ռեակցիա), այն էլ՝ ոչ ախտորոշման, այլ շրջանառող հարուցիչների պարզաբանման համար:
Հետևաբար՝ առաջարկվում է զերծ մնալ ոչ մասնագիտական և խուճապ հրահրող մեկնաբանություններից, հրապարակումներից և հետևել առողջապահության նախարարության հորդորներին և հայտարարություններին: