Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն, նշել է, որ ոստիկանությունը պետք է գիտակցի, որ ուժային կառույցի հետ չի կարելի անօրեն արտահայտություններով խոսել: «Երեկ ես նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր: Ստացավ այնպիսի հարված, որը միայն ոստիկանությանը չէր. դա նաև ընտրությունների արդյունքում լեգիտիմ իշխանությանը միտված թիրախային հարված էր, և, կարծում եմ, լավ մտածված էր: Նախկինում 20 տարի ոստիկանությանը բերել են այն վիճակին, որ իրենք միշտ կաշկանդված վիճակում են եղել հեղինակությունների առաջ: Ուզում եմ, որ ոստիկանությունը օր առաջ դուրս գա այդ իներցիոն վիճակից»,-նշել է Քոչարյանը:
Անդրադառնալով երեկ ոստիկանության մոտ հավաքվածների ծափերին՝ Քոչարյանն ասել է, որ կային նախկին ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչներ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: «Այդ ծափերը ինչի՞ն էին միտված, ոտքերը մաքրելո՞ւն: Էդ նույն հանրապետականները գիտակցո՞ւմ են՝ այդ ծափերով ի՛նչն են խրախուսում: Լուրջ խնդիր կա: Իշխանությունը, նաև մեր հանձնաժողովը իհարկե անելիք ունի»,- ընդգծել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ եթե պետք է բերման ենթարկել և արդյունքում ստանալ ապագա ոստիկանների վրա ոտքերը մաքրելու հայտարարություն, ապա ինքը չգիտի՝ ոստիկանությունն այդ դեպքում դասեր քաղե՞լ է, թե՞ ոչ: