Փետրվարի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» խորհրդարանական լսումներ: Նման որոշում այսօր կայացվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է արդարադատության նախարություն, և այս ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղ գտել դրանում:
Այս նախագծում տեղ են գտել բազմաթիվ փոփոխություններ բուհերի կառավարման վերաբերյալ: Այն առավել հայտնի է «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերի համար ոչ պարտադիր դարձնելու դրույթով:
Հայրապետյանի խոսքով՝ փետրվարի 24-ին հանրությանը առավել մանրամասն կներկայացվեն նախագծում կատարված փոփոխությունները: Քննարկումը կմեկնարկի ժամը 11:00-ին: