Հայաստանում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի մեկամյա արդյունքները դրական են, նախորդ տարի անվճար սպասարկվել է 403 հիվանդ: Այդ մասին նշել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը:
Նախարարության ծրագրի համար նախատեսված 300 մլն դրամի փոխարեն ծախսվել է 675 մլն դրամ: Դա նշանակում է, որ պահանջարկի դեպքում նախարարությունը պատրաստ է ավելացնել ֆինանսավորումը՝ նշել է Աղաջանյանը: 2020 թվականի համար նախատեսվել է 650 մլն դրամ: Անհրաժեշտության դեպքում դա ևս կավելացվի:
«Հիվանդները պետք է համապատասխանեն ծրագրի չափանիշին, այն է՝ քաղաքացու գլխուղեղի սուր իշեմիկ կաթված ախտորոշումը, ընդ որում՝ դա 0-24 ժամվա ընթացքում, ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը: Եթե քաղաքացին ընդգրկվում է ծրագրում, ապա անվճար փոխհատուցվում է, տրամադրվում է անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը»,- ասաց Արմինե Աղաջանյանը:
Առաջիկայում նախարարությունը նախատեսում է ընդլայնել ծրագիրը: Մասնավորապես, ավելացնել այն հիվանդանոցների թիվը, որոնք կարող են սպասարկել գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը: Դրա համար նախատեսված է մասնագետների վերապատրաստման լայն ծրագիր:
Գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը նշեց, որ նկատվում է կաթվածով հիվանդների թվի ավելացում: Ներկայացնելով Էրեբունի բժշկական կենտրոնի տվյալները՝ Եղիազարյանը նշեց, որ նախկինում այդ ախտորոշմամբ բուժում էին տարեկան 600-800 հիվանդի, իսկ 2019-ին գրանցվել է 2347 հիվանդ, որից 1712-ը եղել է իշեմիկ կաթված: Մասնագետը նկատեց, որ նվազել է կաթվածի մահացության ցուցանիշը, մասնավորապես, եթե նախկինում այդ ցուցանիշը տարեկան կազմում էր 25 տոկոս, ապա ներկայումս իջել է 17-18 տոկոսի: