Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում անցկացվող ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ամուլսարի հետ կապված հարցին, թե «Լիդիան Արմենիան» չի կարող մուտք գործել այդ տարածք, դա իրավական խնդիր կարո՞ղ է առաջացնել երկրի համար, ընդգծել է, որ Կառավարությունը որևէ խնդիր չգիտի, որ չի բարձրաձայնում: «Իրավական խնդիրներ կարող են ունենալ, որովհետև ենթադրում եմ՝ «Լիդիանը» արբիտրաժ կդիմի, և ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը»,- նշել է Փաշինյաննը նշելով, որ հայրենակիցների գործողությունները համարում է ոչ տրամաբանական, քանի որ նրանց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի: Փաշինյանն ընդգծել է, որ այդ հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է. նույն ստատուս քվոյի վրա է մնալու, ինչ 2018 թվականին: Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Փաշինյանն ընդգծել է, որ և՛ կողմ է, և՛ դեմ, քանի որ դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե հանքը շահագործվեր, ապա այս տարի կունենայինք ոչ թե 7.5, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, աշխատատեղեր, բայց մյուս կողմից՝ վարչապետն ընդգծել է, որ չի համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի հաշիվ Ջերմուկի, հարակից գյուղերի բնակիչների առողջության կամ անվերականգնելի բնապահպանական վնասների: