Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 25-ին, ներկայացնելով 100 փաստեր, ընդգծել է, որ «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը երկար դադարից հետո բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Դրանով Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով: Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։
Վարչապետը նաև փաստերում նշել է, որ աշխարհի հեղինակավոր ամսագրերից Time-ը, տպավորված 2019-ին Հայաստանի տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր», իսկ բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի տվյալներով՝ 2019-ի Բարգավաճման ինդեքս վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքը բարելավել է միանգամից 7 կետով՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Տվյալ հետազոտության անցկացման 10 տարիների ընթացքում Հայաստանը նման բարձր վարկանիշ երբեք չի ունեցել:
Վարչապետը նաև անդրադարձել է ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության ամենամսյա զեկույցին, որի տվյալներով 2019-ի հոկտեմբերին, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 0.3% գնանկում: