Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումից ի վեր վեցերորդ ասուլիսն անցկացնում է Կապանում: Ասուլիսը մեկնարկել է 100 փաստերի ներկայացմամբ: Դրանց թվում է նաև զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Վարչապետն ընդգծել է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020-ի հունվարի 1-ից սկսել է 1998 թ. հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Մեկուկես տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով ևս 19 տարվա դեպքերը: 2018-ի մայիսի դրությամբ՝ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը:
Վարչապետը նաև նշել է, որ սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզերի նախկին զինծառայողներին անհատույց կերպով բնակարաններով ապահովելու նպատակով 80 նախկին զինծառայողների տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր՝ ընդհանուր 554,4 մլն դրամի չափով: Կառավարությունը ևս 2 մլրդ 920 մլն դրամ է հատկացրել զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով։ Այդ գումարի շրջանակներում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։ Ներկայումս քննարկման է դրված ևս 150 զինծառայողների անհատույց կերպով բնակարանով ապահովելու հարցը: Զոհված (մահացած) զինծառայողների 49 ընտանիքների բնակարանային ապահովման հարցին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան) և Վայքում (44 բնակարան): Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018-2019 թթ. հատկացվել է ավելի քան 8 մլրդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է: