«Երկու-երեք անգամ հարցաքննության եմ հրավիրվել, այսօր էլ խուզարկություն էր իմ տանը. խնդրանքս մեկն է եղել, որ այդ ամենը տեսաձայնագրվի, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է, միայն այս օրով չի ավարտվելու, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու: Այդ ժամանակ այդ ապացուցողական բազան չի լինելու, ուստի ես միշտ պնդելու եմ, որ բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Թովմասյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում իր և ՍԴ-ի շուրջ, ապացուցում է, որ իշխանությունը խնդիր է դրել՝ արագ ձերբազատվել իրենից, և դա, ըստ նրա, արվում է շատ կոպիտ:
«Ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը երկրորդական-երրորդական է, ինձ համար ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը, չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»,- ընդգծեց Թովմասյանը:
Նրա խոսքով՝ իր՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է եղել նրանով, որ այս գործում իրավունք գոյություն չունի, սա վատ քաղաքական գործընթաց է, որը երկրում որևէ մեկի շահերից չի բխում: