Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հարցով հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է համալիր թույլտվության պայմանագրին կամ այսպես կոչված «ֆրանչայզինգին»:
«Առկա իրավակարգավորմամբ նման պայմանագրերի գրանցումը դրված է Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վրա, սակայն պրակտիկայում մենք խնդիրներ ունենք: Օրենսդրության սահմանված կարգով չկա այն գործընթացը, որի համաձայն՝ այդ պետական մարմինը պետք է ֆրանչայզինգի պայմանագրերի գրանցումը կատարի: Եվ արդյունքում ունենում ենք դեպքեր, որ խոչընդոտներ են առաջանում պայմանագրերի գրանցման համար, ու շատ ներդրողներ, ձեռնարկատերեր այս խոչընդոտներից ելնելով, փորձում են այլ ճանապարհներ գտնել նման պայմանագրերից բխող իրավունքների գրանցման համար, ինչը պրակտիկայում պրոբլեմներ է առաջացնում»,- ասել է Տարոն Սիմոնյանը:
Խմբակցությունն առաջարկում է հանել Արդարադատության նախարարության ռեգիստրում գրանցվելու պարտադիր մասը և ավելացնել ֆրանչայզինգից բխող իրավունքները, որոնք մտավոր սեփականության հետ կապ ունեն, գրանցվեն Մտավոր սեփականության գործակալությունում: