Դատախազությունը օրերս տեղեկացրեց, որ Ազգային ժողովի մեդալների գործով մեղադրանք է առաջադրվել Հրայր Թովմասյանի սանիկ Քոչար Խաչատրյանին: Նա և ԱԺ-ին մեդալներ մատակարարած ընկերության` «ՎԳ Գրեգո» ՍՊԸ-ի փաստացի ղեկավարը, ըստ դատախազության, մեղադրվում են 9.5 մլն դրամ գումար հափշտակելու համար:
Առերևույթ հանցագործությունը, ըստ իրավապահներին, տեղի է ունեցել 2015-17 թթ.: Այս քրեական գործից բացի նաև այլ փաստեր են ձեռք բերվել: Դատախազության հաղորդագրության մեջ կարճ էր նշվում, որ «ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև առերևույթ այլ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ»:
«Լուրերը» վերոնշյալ գործի վերահսկողությամբ զբաղվող ավագ դատախազ Ալիկ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը: Ստեփանյանը նշեց, որ տարբեր հանգամանքներ են պարզել, որոնք այս պահին ստուգման փուլում են: «Ձեռք են բերվել նաև այլ հանցավոր չարաշահումների վերաբերյալ փաստական տվյալներ, մասնավորապես, ժողովրդական խոսքով ասած, «ատկատների», ԱԺ-ում աշխատակիցների աշխատանքի ընդունելու փաստ, բայց աշխատանքի չհաճախելու դեպքում նրանց աշխատավարձը փոխանցելու, աշխատավարձերը յուրացնելու, ինչպես նաև պատգամավորներին գրենական պիտույքները չտրամադրելու, փոխարենը այլ պաշտոնատար անձին պատկանող առևտրի կետում դրանք իրացնելու վերաբերյալ»,- տեղեկացրեց Ստեփանյանը: