Չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից և շարունակելու եմ իմ ներդրումն ունենալ երկրում օրենքի գերակայության ամրապնդման գործում: Այդ մասին ՍԴ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքին:
Նա հայտարարեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չի եղել և չկա: «ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե չկարողանայինք նիստեր անցկացնել, որոշումներ կայացնել, այլ կառույցների համար խնդիրներ ստեղծել, սակայն մինչ օրս ՍԴ-ն որևէ խնդիր չի ունեցել, քվորում եղել է, որոշումներն էլ կայացրել ենք պետական ինստիտուտների նկատմամբ խոր հարգանքով»,- նշեց Ա.Պետրոսյանը:
Հարցին՝ օրենքի ընդունումը դիտարկո՞ւմ եք որպես ճնշում ՍԴ դատավորների նկատմամբ, Ա.Պետրոսյանը պատասխանեց. «Եթե ես ճնշվածի տպավորություն թողեցի, ապա դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է»:
Խոսելով ՍԴ-ում Վահե Գրիգորյանի գործունեության մասին՝ Ա.Պետրոսյանն ասաց, որ նրան տեսնում է միայն միջանցքներում, Վ.Գրիգորյանը նիստերին չի մասնակցում:
Նա ընդգծեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել լսելու Վ.Գրիգորյանին, սակայն նրա կողմից հանդիպման նախաձեռնություն չի եղել: