Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«ՀՀ տարածքից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում վերջինիս կողմից ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով, հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՀ ՀՔԾ վարույթ»,- տեղեկացրեց Ա.Խաչատրյանը:
Հիշեցնենք, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը հատել էր ՀՀ պետական սահմանը, և որոշում էր կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: