«Բնակարանաշինություն է տեղի ունեցել, իսկ ինչո՞ւ այս բնակարանները չեն հասել այդ երեխաներին»,- Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցի պատասխանը թաքնված է 2000-ականներում, երբ միլիոնավոր դրամներ հատկացվեցին, բայց մանկատան շրջանավարտները կա՛մ տուն չստացան, կա՛մ էլ նրանց հատկացրած կացարանները պարզապես ապրելու համար պիտանի չէին: Այդ մասին վարչապետը խոսել էր նաև նոյեմբերին. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի էսօր մեր գործող համակարգերը հուսահատության համակարգեր են»,- շեշտել էր գործադիրի ղեկավարը:
Մանկատան շրջանավարտներին հատկացվող բնակարանների ծրագիրը պետք է իրականացվեր 2003-2013-ին: Ամենախոշոր հատկացումները եղել են 2003-2008-ին, այս ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը արդեն նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանն էր:
Առանց մրցույթի և հայեցողական կերպով նախարարությունը պայմանագրեր է կնքել երեք ընկերությունների հետ՝ ընդհանուր տրամադրելով ավելի քան 1 մլրդ 800 մլն դրամ:
Պաշտոնական փաստաթղթերում նշված է՝ ծրագիրն արդյունավետ իրականացվել է, սակայն այն, որ Աղվան Վարդանյանի կառավարման ընթացքում ներկայացրած հաշվետվությունները իրականությունը չեն արտացոլել, ապացուցում են տարիների պաշտոնական ուրիշ փաստաթղթեր:
Նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2007-ին «Արիաց գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 284 մլն դրամի պայմանագիր, նախատեսված 45 բնակարանից գնվել են 32-ը: Մինչդեռ Վերահսկիչ պալատի 2008-ի հաշվետվության մեջ նշվում է, որ գնվել է 19 բնակարան, այն էլ՝ բնակության համար ոչ պիտանի վիճակում:
Մեկ այլ օրինակ՝ 2006-ի բյուջեի կատարողականի մի էջում գրված է՝ «աջակցել են 56 շահառուհի», սակայն հաջորդիվ փաստում են՝ «բնակարան ձեռք չի բերվել, քանի որ մրցույթները չեն կայացել»:
Ծրագրի ձախողման գործընթացը շարունակվել է նաև դաշնակցական հաջորդ նախարարի՝ Արսեն Համբարձումյանի պաշտոնավարման ժամանակ: Այդ մասին 2009-ին ասում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ծրագիրը բնորոշելով ձախողված:
Ծրագրով՝ բնակարանի կարիք ունեցող շահառուների ուսումնասիրության և հետազոտման աշխատանքները պատվիրակվել է հասարակական կազմակերպություններին: Սկզբում այն իրականացրել է «Ֆորում» ՀԿ-ն, ապա Հայ օգնության միությունը, որի կենտրոնական վարչության անդամը Ալվարդ Պետրոսյանն է՝ ՀՅԴ անդամ, իսկ ծրագրի վերջում՝ «Ակունք» ՀԿ-ն, որը Ալվարդ Պետրոսյանի հարսի՝ Աննա Մնացականյանի ՀԿ-ն է:
2000-ականներին հայտնաբերված չարաշահումների արդյունքում քրեական գործ հարուցվեց, բայց պատժվողներ չեղան: Աղվան Վարդանյանից փորձեցինք պարզաբանում ստանալ ծրագրի վերաբերյալ, նա, սակայն, խուսափեց պատասխանից:
«Չեմ կարծում, որ այդ հարցը էս երկու տարում ձեզ հուզող միակ հարցն ա, այդքան տարվա մեջ որևէ հարցով ինձ չեք դիմել, հիմա հանկարծ հիշել եք այդ պատմությունները»,- ասաց նա:
Մանկատան շրջանավարտների խնդիրները 2007-2012-ին Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանի ուշադրության կենտրոնում են եղել: Նա ևս արձանագրել է չարաշահումները:
«Երբ հիշում եմ այդ այցելություններս, ամեն այցելությունից հետո ես կորցնում էի հավասարակշռությունը: Ահավոր ծանր տեսարաններ են եղել, որ տեսել եմ: Պետք է դատախազությունը քրեական գործ հարուցեր և պատասխանատվության ենթարկեր բոլոր պաշտոնյաներին՝ նախարարներից սկսած»,- շեշտեց Բախշյանը:
Թավշյա հեղափոխությունից հետո շուրջ երկու տասնամյակ դադարեցված ծրագրի մասին նորից հիշեցին: Շրջանավարտների բնակարանների հատկացման նոր ծրագրի համար հատկացվեց մոտ 2 մլրդ դրամ՝ 300 շրջանավարտի բնակարանային պայմանները բարելավելու համար: Յուրաքանչյուրին կտրամադրվի ավելի քան 6 մլն դրամ: