2019-ի 11 ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել են 409 քրեական գործեր, դրանցով պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ՝ այս մասին 2019-ի ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
409 քրեական գործից 151-ը հարկեր վճարելուց խուսափելու համար է, 36 դեպքով քրեական գործեր հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով։
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ պետությանը վնաս պատճառելու հետևանքով հարուցվել են 21 քրեական գործեր, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով՝ 128 քրգործ։ Համեմատության կարգով՝ 2018-ի ընթացքում հարուցվել է 63-ով պակաս քրեական գործ։
ՊԵԿ քննչական վարչությունը 2019 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում վարույթ է ընդունել հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ 774 քրեական գործեր, այդ թվում՝ նախորդ տարվանից փոխանցված: Համեմատության կարգով՝ 2018-ին՝ 712-ի քրգործ:
Վարչության վարույթում քննվում են գազամատակարար ընկերությունների վերաբերյալ 31 քրեական գործեր, որոնցով պատճառված վնասը կազմում է 16,7 մլրդ դրամ։
Բացահայտվել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, որոնց մի մասի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ գտնվում է ՊԵԿ քննչական վարչության վարույթում։ Այդ քրեական գործերը վերաբերում են պաշտոնեական դիրքի չարաշահումներին։