Միացյալ Թագավորությունում պահպանողականների հաղթանակից հետո Շոտլանդիայում դարձյալ առաջին պլան է եկել Թագավորությունից անջատվելու գաղափարը՝ տեղեկանում ենք The Scottish Sun պարբերականից:
Թերթի փոխանցմամբ՝ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ շոտլանդացիները «իրավունք ունեն իրե՛նք որոշելու իրենց ապագան», և դատելով քվեարկության արդյունքներից՝ Ինքնավարության բնակիչների մեծ մասն իր ապագան տեսնում է այլ կերպ, քան Մեծ Բրիտանիայի մնացած մասը:
Հիշեցնելով, որ առաջին նախարարի Ազգային կուսակցությունը Բրիտանիայի խորհրդարանում ստացել է Շոտլանդիային հատկացված 59 տեղերից 47-ը, պարբերականը նոր զարգացումներ է կանխատեսում:
«Շոտլանդիան մերժեց Բորիս Ջոնսոնին և պահպանողականներին: Եվ մենք դարձյալ ո՛չ ասինք Brexit-ին...Այսօր, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, մենք պետք է մտածենք նաև ապագայի մասին: Այս առավոտ ես ուզում եմ դիմել Շոտլանդիայի ժողովրդին, ինչպես նաև՝ ուղղակիորեն վարչապետին...Շնորհակալ եմ այն ջախջախիչ հաղթանակի համար, որ դուք անցած գիշեր ապահովեցիք մեր Ազգային կուսակցության համար: Մենք երբեք չենք դադարի ձեզ գնահատել...Իսկ վարչապետին իմ խոսքն ուղիղ կասեմ՝ սա միայն իմ, կամ Շոտլանդիայի ազգային կուսակցության պահանջը չէ: Սա շոտլանդացիների իրավու՛նքն է, և դուք, որպես այստեղ ձախողված կուսակցության առաջնորդ, չեք կարող հակառակվել»,- իր ելույթում հայտարարել է Նիկոլա Ստերջենը: