Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարի Զբաղվածության գործակալության միջոցով աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար գործազուրկ, որոնցից 7794-ը կանայք են, 3483-ը՝ երիտասարդներ, 203-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք:
«Մեր ոլորտում կառավարության ամենակարևոր քաղաքականությունն աշխատանքի խրախուսումն է, որը պետք է դառնա աղքատության հաղթահարման հիմնական սկզբունքը: Պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները»,- ասել է Բաթոյանը:
Զբաղվածության ծրագրերով հավաքագրվել է ավելի քան 4000 թափուր աշխատատեղ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Զբաղվածության գործակալության կայքում։
«Այս տարի 10 աշխատանքի տոնավաճառ ենք կազմակերպել, որոնց մասնակցել է շուրջ 367 գործատու՝ ներկայացնելով 13․500 թափուր աշխատատեղ»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։