Բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 10-ին կամավոր ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը խփած և սպառնալիքներ հնչեցրած մյուս անձը՝ Գյումրիի բնակիչ 23-ամյա երիտասարդը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հիշեցնենք, դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։
Շեկո մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։