Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Մխիթար Պապոյանն այսօր ինքնաբացարկ հայտնեց, բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքի քննությունը Վերաքննիչում այլևս Պապոյանը չի վարի. գործն այլ դատավորի կվստահվի:
Այս հանգամանքը վրդովեցրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:
«Ինքնաբացարկի միջնորդության քննարկման շրջանակներում զրպարտության առկայությունը չպետք է որևէ կերպ կաշկանդի արդարադատության իրականացմանը: Հակառակ դեպքում ստացվում է, որ ցանկացած դատավորի դեմ, ում որոշումները ենթադրաբար կարող են կողմերից մեկի սրտով չլինել...կարող է շատ հանգիստ կազմակերպվել զրպարտչական բնույթի որևէ հոդված, որ էսինչ դատավորն, օրինակ, կաշառք է վերցրել այս գործով, այսինչ դատավորը գրել է այսինչ որոշումը, այսինչ դատավորն էն օրը խաշ էր ուտում այսինչի հետ... ստացվում է, որ շատ հանգիստ կարելի է զրպարտել դատական համակարգը կամ խաթարել դրա աշխատանքը»,- դատական նիստից հետո հայտարարել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: