Ազգային ժողովում քննարկվել է կառավարության ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու ԿԲ-ի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու համար:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով վարկային բյուրոյի հետ կապված խնդիրներին, վարկային բյուրոյում մեխանիկորեն գրանցվող ուշացումներին, հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ ինստիտուտ, որը կկարգավորի վարկային վատ պատմությամբ քաղաքացիների վարկանշային վիճակը:
Ներսես Երիցյանն արձագանքել է՝ կարող են դիմել օմբուդսմենին և Կենտրոնական բանկին, և այնպես չէ, որ եթե քաղաքացու վարկային պատմությունը որոշակի վատ արձանագրումներ ունի՝ նրան վարկ չեն տրամադրում: Յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում՝ այդ վարկային պատմության ռիսկերն ինչպես է դասակարգում:
Երիցյանն ընդգծել է, որ կա կարծիք՝ եթե սև ցուցակում ես, վարկ չեն տալիս. նման բան չկա, թեև, որպես կանոն, այն կարող է իրականություն լինել, քանի որ սպառողական վարկերի դեպքում ռիսկերն այլ կերպ են կարգավորվում: