Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակը հանձնել է գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:
«Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի։ Հայաստանը, որպես բարձր տեխնո-լոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։
Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական միություններին ինտեգրման աստիճանով, ինտելեկտուալ ծանրակշիռ ներուժով և Սփյուռքի մեր հայրենակիցների ընձեռած լայն հնարավորություններով համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում դառնում է մի յուրօրինակ կենտրոն: Այն ստեղծում է նոր հնարավորություններ՝ միջազգային շուկաներ դուրս գալու և համա-գործակցության հարթակներ ձևավորելու համար։
Մշտապես կրթվող, գիտելիքահեն հասարակության և տեխնոլոգիապես զարգացած տնտեսության ստեղծումն է Հայաստանի զարգացման մեր տեսլականը։
Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով և հարուստ ընդերք, աշխարհի հետ այժմ խոսում է գիտության և նորարարական տեխնոլոգիաների լեզվով»,- ընդգծել է վարչապետը: