Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր տեղեկացրեց, որ ծառայությունում քննված որոշ քրեական գործերով բացահայտվել են պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հարյուրավոր հեկտարներ ընդհանուր մակերեսով հողամասերի ապօրինի օտարման դեպքեր:
Սասուն Խաչատրյանը նշեց, որ մամուլի հրապարակման հիման վրա քրեական գործի նախաքննության ընթացքում հաստատվել է Ծաղկաձորում 106 հեկտար անտառային ֆոնդի տարածքների ապօրինի յուրացման դեպքը, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով մեղավոր պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, բայց նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը պետությանը։
ՀՔԾ պետի խոսքով՝ քրեական գործով հիմնավորվել է նախկին վարչապետի մտերիմների կողմից հողամասեր ապօրինի յուրացնելու բազմաթիվ դեպքեր, որից միայն 7,5 հեկտարը՝ Դիլիջան համայնքում, 168 հեկտարը՝ Արարատի մարզում, և նախաձեռնվել է այդ տարածքների վերադարձը համայնքներին։ Սասուն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծառայության վարույթում է գտնվում նաև «Հաղթանակ» զբոսայգու տարածքների ապօրինի յուրացման վերաբերյալ քրեական գործը: