Պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է ստացել, որ ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները, հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, որոնց համաձայն՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը արտադրում և իրացնում է «Օմսկվինպրոմ» ՍՊԸ-ին պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը իրականում երկրորդային շուկայից ձեռք բերելով «Օմսկվինպրոմ» ՍՊԸ կողմից արտադրվող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական» նշագրումով ակցիզային դրոշմանիշներ և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով, որից հետո իրացվել են։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ կողմից նման ապրանքային նշաններով օղիներ շշալցնելու և իրացնելու հանգամանքը հաստատվել է ինչպես գնորդ անհատ ձեռնարկատերերի հայտարարություններով, այնպես էլ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ տրամադրած տեղեկանքով։
Նկատի ունենալով, որ ՕՀ միջոցառումների ընթացքում ստացված նյութերն առերևույթ պարունակել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտումներ՝ 2019 թ. հուլիսի 26-ին դրանք ուղարկվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։
ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից 2019 թ. օգոստոսի 9-ին ընդունվել է վարչական վարույթ հարուցելու մասին որոշում, որի արդյունքում հանձնաժողովի «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է 16,207,000 դրամ տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության համար։