ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ստացել է փաստական տվյալներ, որ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:
Հիշյալ պատրվակով, ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։
Հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, ձերբակալվել և որպես կասկածյալ՝ հարցաքննվելու ժամանակ խոստովանել: Նախաքննությունը շարունակվում է։