Շուշիում նոյեմբերի 10-ին կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը:
Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը: Հաջորդիվ համագումարի մասնակիցներին է ներկայացվել Արցախի Հանրապետության 2020 թվականին հերթական նախագահական ընտրության համար թեկնածուի ընտրության հարցը: Համագումարի բոլոր մասնակիցների կողմից միաձայն ընտրվել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կուսակիցների վստահությունն իսկապես պարտավորեցնող է: «Ես ինձ իրավունք եմ վերապահում ընդառաջ գնալու կուսակիցներիս ցանկությանը: Այդ իրավունքն ինձ վերապահում եմ, նախ և առաջ, այն պատճառով, որ շուրջ մեկ տասնամյակ եղել եմ Արցախի վարչապետ և պետնախարար, ունեմ որոշակի հաջողություններով հարուստ պաշտոնավարման փորձառություն, շատ լավ եմ պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ինձ սատարում է ժողովրդի քվեին արժանացած, քաղաքական և մասնագիտական լուրջ փորձառություն ունեցող քաղաքական թիմը՝ պատրաստ եմ լիովին ստանձնելու այդ պատվաբեր պատասխանատվությունը՝ ամենից առաջ հաշվետու լինելով Արցախի քաղաքացուն»,- ասել է Հարությունյանը:
«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է, որ իրենք գալիս են համակարգային խնդիրներ լուծելու, այլ ոչ թե դրանք հետագա սերունդներին թողնելու:
«Մենք գալիս ենք մարդկանց կյանքը փոխելու, այլ ոչ թե մարդկանց կյանքի փոփոխման անհրաժեշտության մասին խոսելու: Մենք գալիս ենք արցախցու ստեղծագործական ինքնիրացմանը նպաստելու, լինի նա զինվորական թե հողագործ, բանվոր թե ուսուցիչ, մի խոսքով՝ աշխատավոր մարդու արժանապատիվ կյանքն ապահովելու, այլ ոչ թե այդ կյանքի բեռն ավելացնելու»,- ավելացրել է Հարությունյանը: