ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել, դեմ են բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելուն:
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը նշել է, որ սա ուսանողական նախաձեռնություն է, և ուրախ է, որ մեր երիտասարդ սերունդը մտահոգվում է մեր պետության և իրենց ապագայի համար, քանի որ այս ուսանողներն ապագա տնօրեններ, նախարարներ են: Դիլբարյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հայերենով մասնագիտական գրականություն շատ քիչ կա, սակայն սա հարված է հայերենին, մասնագետների բանակը նոսրանում է: Ամբիոնը բաց նամակ է ուղարկել նախագահին և նախարարին՝ ընդհանուր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի վերաբերյալ:
Դիլբարյանի խոսքով՝ հայոց լեզուն համալսարաններում չի կարող համարվել ավելորդ առարկա․ «Լեզուն դպրոցում դասավանդվում է բոլորովին այլ նպատակով և իմացության այլ մակարդակ է ենթադրում, դպրոցն ավարտելուց հետո են ընտրում մասնագիտական գործունեության ոլորտը, և այստեղ է, որ պետք է անցնեն մասնագիտական լեզու՝ հայերեն՝ տնտեսագետների համար, հայերեն՝ բժիշկների համար և այլն։ Դա երբեք չի կարող համարվել ավելորդ առարկա։ Այն միտումը, որ մեզ համեմատենք Հարվարդի, Սորբոնի և Օքսֆորդի հետ, շատ խանդավառող է, բայց եկեք համեմատենք Հարվարդի բյուջեն, Հարվարդի ուսանողների եւ դասախոսների համար ստեղծված պայմանները մասնագիտական գրականության առումով, համապատասխան կաբինետների առումով, նոր մեզանից էլ պահանջենք այնպիսի մակարդակ, որ կա Հարվարդում»։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծ է մշակել։ Ըստ այդ օրինագծի՝ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ։