Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
Վարչապետը ողջունել է «Բաց կառավարման գործընկերության» գլխավոր գործադիր տնօրենի այցը մեր երկիր ու կարևորել «Բաց կառավարման գործընկերություն»-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը:
«Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի սկզբունքները լիովին համահունչ են մեր կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ հաշվետվողականություն, թափանցիկություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Հետաքրքրված ենք շարունակելու մեր արդյունավետ գործընկերությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հետևողական առաջ է շարժվում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ճանապարհով, և կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել են այդ նպատակին ուղղված տարբեր ոլորտների՝ դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունները:
Սանջեյ Փրադանը նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի «Բաց կառավարման գործընկերությունում» և նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր:
«Թավշյա հեղափոխությունը ոգեշնչման և հույսի մեծ ազդակ էր՝ տրված Հայաստանի քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների՝ երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Բաց կառավարումը կարող է իրապես խթանել Հայաստանի ժողովրդավարության հետագա հաջողությունները, և պատրաստ ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,- նշել է «Բաց կառավարման գործընկերություն» գլխավոր գործադիր տնօրենը:
Անդրադառնալով հետագա համատեղ անելիքներին՝ Սանջեյ Փրադանն առաջարկություններ է ներկայացրել կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը միտված բարեփոխումների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դատական, հակակոռուպցիոն, տնտեսական բարեփոխումների, գնումների թափանցիկության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խթանելու գործընթացում:
Հանդիպմանը մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում քննարկումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կատարել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի շրջանակում ստանձնած հանձնառությունները, և ձևավորվել է ԲԿԳ-Հայաստան արդյունավետ համագործակցություն, որը կարևոր նշանակություն ունի մեր երկրում իրականացվող բարեփոխումների համար:
Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենին գնահատականի համար և ընդգծել՝ Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակելու բաց, հաշվետու, թափանցիկ կառավարմանը միտված գործունեությունը և կարևորում է այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԲԿԳ օժանդակությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԲԿԳ-Հայաստան գործողությունների հաջորդ ծրագրի վերաբերյալ: