Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող տարբեր տեսանյութեր:
Միջին հաշվարկով՝ Հայաստանի տաղավարի այցելուների թիվը կազմել է օրական 25-30 հազար մարդ:
Ցուցահանդեսը Հայաստանը ճանաչելու նպաստավոր հնարավորություն է ստեղծել չինական շահագրգիռ ընկերությունների, ինչպես նաև ցուցահանդեսի մեծաթիվ այցելուների համար:
Ցուցահանդեսի փակման կապակցությամբ անցկացվել է Պեկինի համաշխարհային պարտեզների մրցանակաբաշխությունը, որտեղ «Հայկական տաղավարը» նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը:
Live Green, Live Better թեմայով ցուցահանդեսը իր տեսակով և ընդհանուր զբաղեցրած 503 հա մակերեսով ամենամեծն է եղել պատմության մեջ, որին մասնակցել են 110 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Մոտ կես տարի տևած Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսի այցելուների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 9.3 միլիոն մարդ: