Հայաստանի Թավշյա հեղափոխությունից հետո նախաքննական մարմինները բացահայտել են 30-ից ավելի դեպք, երբ նախկին իշխանության պաշտոնյաների ներգրավվմամբ՝ պետական անշարժ գույքն ապօրինի օտարվել է, կանաչ տարածքներ են յուրացրել, գույքն իրական արժեքից բարձր գնով վաճառել են պետությանը:
Միայն Երևանում, ըստ նախաքննական մարմինների, տասնյակ նման գործ կա: Պետության վնասը հասնում է միլիարդների: Կենտրոնում երեք նման գործ կա: Մեկը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկին, և տվյալ դեպքում պետության վնասը 127 մլն դրամ է կազմում: Շենգավիթում 80 մլն դրամանոց գույքը վաճառվել է 22 մլն-ով: Մալաթիա-Սեբաստիայում 321 մլն դրամ արժեքով գույքը պետությանը վաճառվել է 4 անգամ թանկ: Քանաքեռ-Զեյթունում է «Գոլդեն Փելես» հյուրանոցի վաճառքի գործը, որով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նույն վարչական շրջանում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը. 3 մլն դոլարանոց գույքը ձեռք է բերել ընդամենը 200 հազար դոլարով: Դավթաշենում համայնքային որոշ հողակտորներ շուկայական արժեքից 18 մլն դրամով էժան են վաճառել: Էրեբունիում «Լուրեր»-ն օրերս բացահայտեց, որ համայնքային իշխանությունն ապօրինաբար տարածքներ է օտարել նախկին թաղապետ՝ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներին։
Նախկին իշխանության օրոք Երևանում մոտ 70 մանկապարտեզ է փակվել, իսկ տարածքների մի մասը տնօրինել են նախկին պաշտոնյաներ:
«Դեպքերը բազմազան են, բազմապիսի և բազմաժանր»,- ասում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ այս օտարումներն ունեն մի բարդություն. իրավական առումով, որպես կանոն, ամեն ինչ առերևույթ անթերի է.
«Դասականի ասած՝ «թղթերով նրանց մոտ ամեն ինչ նորմալ է»: Երբ նայում ենք ազգանունները կամ հետևում ենք, թե ովքեր են նրանք, պարզվում է՝ որոշումներ կայացնողների անմիջական ազգականներն են եղել կամ փոխկապակցված անձինք»,- նշեց Կարապետյանը:
Մարզերում, մեր ուսունասիրության արդյունքում, գտանք տասնյակ քրեական գործեր: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարազատներն ու մերձավորները, ըստ նախաքննության, տիրացել են Դիլիջանի, Մխչյանի, Նարեկ համայնքների 15 հողատարածքների: ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ դատարան մտած գործում կա 37 մլն դրամի գույքի հափշտակության դրվագ: Լոռու մարզում է «ՁորաՀԷԿ»-ը, որն օտարվել է մոտ 4 մլրդ դրամով, մինչդեռ գույքի իրական արժեքն անցնում է 8 մլրդ-ը: Այս գործով ներգրավված է նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձը, իսկ Ծաղկաձորում նախկին պաշտոնյաները սեփականաշնորհել են 51 հեկտար անտառ:
«Նախկին իշխանությունները ներկայացնող մի քանի ինստիտուտներ՝ տարածքային կառավարման մարմին, տեղական կառավարման մարմին, կադաստր, հանցավոր փոխհամաձայնությամբ յուրացրել են, բառի բուն իմաստով, պետական և հանրային շահը»,- ասում է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ի՞նչ է Թավշյա հեղափոխությունից առաջ տեղի ունեցել Հայաստանում՝ պատգամավոր Հայկ Գևորգյանը մեկ պատասխան ունի. «Դրա հայերեն համարժեքը ես չգիտեմ, բայց՝ «բեսպրեդել», ուղղակի «բեսպրեդել»»:
Պատգամավորի գնահատմամբ՝ խնդիրն այս ոլորտում բազմաշերտ է. «Նրանք գույքն այդպիսի էժան գնով վաճառել են մի անձի, հետո այդ անձը վաճառել է երկրորդ, երրորդ անձի: Այստեղ արդեն իրավական խնդրի առաջ ենք կանգնում. պատշաճ ձեռքբերող է հանդիսանում այն անձը, ով այդ գույքը ձեռք է բերել»,- հավելեց Գևորգյանը: Բացի այդ, ևս մի խնդիր կա ապօրինի օտարված գույքը պետությանը վերադարձնելու հարցում:
«Գույքի նման վաճառքի որոշումը կարծես կոլեգիալ է եղել, այդ դեպքում ևս առաջանում են խնդիրներ, օրինակ՝ ավագանին է տվել, չնայած՝ վերջին շրջանում բացահայտվում է, որ ավագանու անդամների ստորագրությունները կեղծվել են»,- ամփոփեց Գևորգյանը:
Հիշատակված բոլոր քրեական գործերը, բացառությամբ Մանվել Գրիգորյանի գործի, դեռևս նախաքննության փուլում են: