Երևանի քաղաքապետարանը «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ հոկտեմբերի 13-ին կանցկացնի «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը: Մեկնարկը՝ ժամը 08:00-ին Ստեփան Շահումյան հրապարակից:
Մարաթոնն ունի 5 տարբեր մրցատարածություն: Մասնակցության համար սահմանված է որոշակի վճար:
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով:
Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ նույն օրը՝ ժամը 07:00-ից մինչև 14:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության և Ստեփան Շահումյան հրապարակները, Վազգեն Սարգսյան փողոցը՝ 07:00-ից, Խորենացու, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները՝ ժամը 07:45-ից: Երթևեկության համար նույն ժամից փակ կլինի նաև Հրազդանի կիրճի՝ մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը, Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկը, Արգիշտիի, Բեյրութի, Վ. Սարգսյան փողոցները, Աբովյան փողոցից Պուշկինի փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածները: