Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակվող «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ում Հայաստանը 1.4 միավորով բարելավել է իր մրցունակության համաթիվը, ինչի արդյունքում մեկ հորիզոնականով առաջ է անցել նախորդ տարվա դասակարգման համեմատ: Բարելավման արդյունքում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը:
Լավագույն ցուցանիշը Հայաստանը գրանցել է «աշխատուժի շուկա» հենասյունով՝ 141 երկրների թվում զբաղեցնելով 32-րդ տեղը:
Բարելավվել է նաև Հայաստանի «ֆինանսական շուկայի զարգացվածությունը», որի հենասյունով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 հորիզոնականով՝ զբաղեցնելով 69-րդ տեղը:
Զեկույցի համաձայն՝ նահանջ է արձանագրվել «ապրանքային շուկայի արդյունավետություն» հենասյան ցուցանիշներում, ինչով Հայաստանի դիրքը հետընթաց է արձանագրել 5 կետով:
Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում Ադրբեջանն առաջընթաց է արձանագրել 11 կետով, Ղազախստանը՝ 4 կետով, Մոլդովան 2 կետով եւ Ղրղզստանը 1 կետով: Հետընթաց արձանագրած երկրներից են Վրաստանը՝ 8 կետ, Տաջիկստանը՝ 2 կետ եւ Ուկրաինան՝ 2 կետ: Ռուսաստանը պահպանել է իր դիրքը՝ 141 երկրների թվում զբաղեցնելով 43-րդ տեղը: