Սոչիում մեկնարկած «Վալդայ» համաժողովի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտությունից: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե երկխոսությունն այսօր, ըստ էության, չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան:
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան Ղարաբաղի հարցում տարաձայնություններ չունի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ և ամեն ինչ կանի, որպեսզի ռազմական գործողություններ տեղի չունենան:
«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են, և դրանք շատ խոշոր չեն»,- նախօրեին ասել է Սերգեյ Լավրովը: Միաժամանակ ՌԴ արտգործնախարարն ավելացրել է, որ փոխարենը՝ բանակցություններում դարձյալ առաջխաղացում չկա: