Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, սեպտեմբերի 22-ից 28-ին, Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Իսկ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, շփման գծի հարավարևելյան հատվածի դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: Շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը պարտադրել հակառակորդին: