Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում:
Նախագահի պաշտոնն ստանձնելու արարողությունից առաջ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում: Տեր և տիկին Սարգսյաններին դիմավորել են Հանրապետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը:
Ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաջողություններ է մաղթել Արմեն Սարգսյանին:
«Ձեզ հետ առիթներ ունեցել ենք խոսելու մեր երկրի զարգացման հրամայականների մասին: Վստահ եմ, որ մենք որոշ ժամանակ հետո կարողանալու ենք արձանագրել հաջողություններ. ուղղակի դատապարտված ենք հաջողություն ունենալու: Իհարկե, վստահ եմ, որ տիկին Նունեն կօգնի Ձեզ, որովհետև դա պարզապես անհրաժեշտություն է»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պարո՛ն Նախագահ, ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշ ճանապարհ չունենք՝ հաջողությունից բացի: Եվ կարծում եմ՝ այդ հաջողությունների գրավականը ոչ միայն նախորդ՝ շուրջ 30 տարիներն են, այլ հատկապես վերջին տասը տարին: Իհարկե, ակնկալում եմ Ձեզ հետ շատ սերտ աշխատել երկար տարիներ: Վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի. ո՛չ միայն, որ իմ 50 տարվա ընկերն է, 40 տարվա կինս, այլ նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել և ո՛չ միայն աջակցել, նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ՝ որոշակի ուղղության մեջ: Այնպես որ, կարծում եմ՝ անելիք շատ կա: Ես պատրաստ եմ աշխատելու»,- ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: