Երևանն ուրախ է զարգացնել Լյուքսեմբուրգի հետ հարաբերությունները:
Պաշտոնական այցով Երևանում է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը: Սա Ժան Ասելբորնի երրորդ այցն է մեր երկիր: Բաղրամյան 26-ում նրան ընդունել է Սերժ Սարգսյանը: Նախագահն ասել՝ ուրախ է կրկին հյուրընկալելու մի մարդու, որի ջերմ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ, ինչպես նաև՝ անաչառ և սկզբունքային դիրքորոշումը մեր երկրին հուզող հարցերի շուրջ, թույլ են տալիս նրան համարել Հայաստանի բարեկամը: Երևանը շահագրգռված է Լյուքսեմբուրգի հետ ամրապնդելու և զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: Դրան անկասկած, կնպաստի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ շեշտել է նախագահը:
Սերժ Սարգսյանը լիահույս է, որ բարեկամ երկիրը բարձր մակարդակով կմասնակցի Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովին: Երկրի ղեկավարը նաև բարձր է գնահատել արցախյան հարցում Լյուքսեմբուրգի անկողմնակալ դիրքորոշումը, երախտագիտություն հայտնել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խորհրդարանական բանաձևը միաձայն ընդունելու համար: