Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը որակապես նոր և ավելի բարձր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները:
Պաշտոնական այցով Երեւանում է Վրաստանի վարչապետը: Գիորգի Կվիրիկաշվիլիին ընդունել է Սերժ Սարգսյանը, վստահություն հայտնել, որ վարչապետի այցը որակապես նոր և ավելի բարձր մակարդակի կհասցնի երկկողմ հարաբերությունները:
Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են հանրապետությունների հիմնադրման հարյուրամյակը: Վրաստանի վարչապետը հուսով է, որ երկրները բարձր մակարդակով կնշեն այդ կարևոր հոբելյանը: Կվիրիկաշվիլին ասել է նաև, որ Վրաստանը հոկտեմբերին բարձր մակարդակով կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին:
Առանձնազրույցից հետո նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ: