Դմիտրի Մեդվեդևն իր նամակում երախտագիտություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նամակ է հղել Հովիկ Աբրահամյանին: Նախկին վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակն ու ավելացրել, որ այն գրված է ձեռքով: Դմիտրի Մեդվեդևն իր նամակում երախտագիտություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին՝ Հայաստանի լիարժեք մասնակցության տեսանկյունից: Արդյունքում հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն, աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետև ևս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը»,- նշել է Դաշնության վարչապետը Հովիկ Աբրահամյանին հղած նամակում: