Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Օտտավան ճիշտ է վարվել՝ դադարեցնելով Վաշինգտոնի հետ բանակցությունները, որոնց կենտրոնում երկու երկրի առևտրային հարաբերությունները և ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերն էին:
Մարկ Քարնիի խոսքով՝ կարմիր գծեր քաշելու որոշումը հեշտ է տրվել, քանի որ իշխանությունները գիտեն կանադացիների դիրքորոշումը և արժեքները:
«Երբ Վաշինգտոնը պատրաստ լինի վերադառնալ բանակցությունների սեղան և բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը»,- շեշտել է պաշտոնյան:
Քարնիի խոսքով՝ հնարավոր համաձայնագիրը պետք է հարգի Կանադայի ինքնիշխանությունը և պաշտպանի կանադացիների իրավունքները: Նա հավելել է, որ վերջին մեկ տարում Օտտավան մի շարք համաձայնագրեր է ստորագրել տարբեր երկրների հետ առևտրի և անվտանգության ոլորտներում:
Քարնին նաև հիշեցրել է, որ մտադիր են խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Օրերս Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ կառույցի ասոցացված անդամ: Նա շեշտել էր՝ այդ գործընկերությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն պետք է նպաստի ընդհանուր բարօրությանը և ուժին:
Դոնալդ Թրամփը, ի պատասխան, չէր բացառել, որ կարող է դադարեցնել տարբեր ուղղություններով Եվրոպայի հետ առևտուրը կամ բարձրացնել մաքսատուրքերը, եթե Կանադան ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ ստանա: