Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բանակցությունների նոր փուլի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեին ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսություն ներկայումս չի ընթանում: Ավելին, նա հավելել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնի կառավարության ներկայացուցիչներին ընդունելու կամ այնտեղ իրանական պատվիրակություն ուղարկելու ծրագրեր չկան:
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ բանակցություններ են ընթանում միայն Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ: Դիվանագետն ասել է, որ ներկայումս քննարկվում է երկու ուղղությամբ նավերի համար հնարավոր նավագնացության միջանցքի հարցը: Նա նաև հավելել է, որ այդ երթուղին կապված չէ նեղուցի ընդհանուր ապաշրջափակման վերաբերյալ բանակցությունների հետ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը որոշել է հրաժարվել Իրանին նոր հարվածներից՝ հակամարտությանը դիվանագիտական լուծում ապահովելու համար: Թրամփի խոսքով՝ բանակցությունների նոր փուլը նախատեսվում էր սկսել օգոստոսի 3-ին:
ԱՄՆ նախագահը երկուշաբթի հայտարարել է, որ պետք է Իրանի հետ համաձայնագիր կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիա:
«Իրանը ոչինչ չի ստանա մինչև գործարք կամ լիակատար կապիտուլյացիա չլինի»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից շարունակվող ծովային շրջափակմանը։ Բացի այդ, Թրամփը հերթական անգամ Թեհրանին մեղադրել է մի կողմից Վաշինգտոնի հետ բանակցելու, մյուս կողմից հրապարակավ այդ բանակցությունը հերքելու համար: «Նրանք խնդրում, իսկ ոմանց կարծիքով՝ աղաչում են մոտ ապագայում պլանավորված բանակցություն անցկացնել, սակայն հրապարակավ պնդում են, թե ոչինչ էլ չեն քննարկում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը: