Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են Լիբանանի հարավից որոշ թվով զինվորականների դուրսբերման տարբերակը՝ Բեյրութի հետ բանակցությունների ընթացքում իրավիճակը բարելավելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իսրայելական իրազեկ աղբյուրին:
Նրա խոսքով՝ Իսրայելում մտածում են Լիբանանի հարավից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին։ Այդ քայլը կարող է համընկնել Իսրայելի ու Լիբանանի միջև ԱՄՆ գլխավորությամբ եռօրյա բանակցությունների հետ, որոնք պետք է մեկնարկեն այս շաբաթվա վերջին՝ Վաշինգտոնում: Ըստ հեռուստաընկերության աղբյուրի, դա լինելու է «ընդառաջ քայլ» Լիբանանի կառավարությանը: Իսրայելը ցանկանում է առաջնահերթություն տալ դիվանագիտությանը և Լիբանանի թեման առանձնացնել ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններից:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հունիսի 22-ին հայտարարել է, որ իրենք Լիբանանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, բայց մտադրություն էլ չունեն դուրս գալու Հարավային Լիբանանում ստեղծված անվտանգության գոտուց՝ կանխելու «Հըզբոլլահ»-ի հարձակումն իսրայելցիների վրա։