Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Այցը կազմակերպվել էր Երևանի և Լայպցիգի քաղաքապետների միջև անցյալ տարի ստորագրված «Լայպցիգ և Երևան քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել երկու քաղաքների միջև մշակութային համագործակցությունն ու փոխանակումները։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լայպցիգի քաղաքապետարանի և քաղաքի առաջատար մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: