Կառավարությունն ընդունել է որոշում՝ պայմանավորված տնտեսվարողների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։ Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով որոշմամբ առաջարկվում է 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» համապատասխան ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսվարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։
Ընդ որում, աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսվարողներին, որոնք 2026 թ. չեն իրականացրել խաղողի մթերումներ։ Բացի այդ, սահմանվում է որ 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թ. մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։
Ծրագրի շրջանակներում տնտեսվարողների մթերման կետերում խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկումը վերապահվում է մարզպետների աշխատակազմերին՝ տնտեսվարողների կողմից ներկայացված գրության հիման վրա։ Արդյունքում՝ տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև կխթանի ընթացիկ տարում լրացուցիչ քանակությամբ խաղողի մթերումների իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կարտահանվի շուրջ 12․0 մլն լիտր կոնյակի սպիրտ։