Դեռևս ամիսներ առաջ խստացրինք շինհրապարակների կահավորման և կազմակերպման նորմերը: Մայիսի 1-ից այդ նորմերն արդեն մտել են կիրառության մեջ: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում, հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը վերաբերում էր հանրության դժգոհությանը նորակառույց բազմահարկերի առաջացրած փոշու, աղտոտվածության նկատմամբ:
«Մենք ողջամիտ՝ եթե չեմ սխալվում՝ 3-4 ամիս ժամկետ տրամադրեցինք, որպեսզի գործող կառուցապատողները կարողանան այդ շինհրապարակները նորմի պահանջներին համապատասխան կահավորեն անհրաժեշտ սարք-սարքավորումներով:
Դրանց մեջ մտնում են փոշեճնշիչ միջոցները, ջրային մառախուղ իրականացնող սարքավորումների տեղադրումը, նաև պահանջներ, թե շինհրապարակում գոյություն ունեցող հողային մակերեսները պետք է ամբողջությամբ պատված լինեն քարային պատվածքներով, այսպես կոչված՝ շեբենապատված լինեն, իսկ էն հատվածները, որոնցով երթևեկություն է տեղի ունենում շինհրապարակի սահմաններում, պետք է կոշտ ծածկույթ ունենան, օրինակ՝ բետոնապատված լինեն»,- հայտնեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ իրականացվել են մի շարք խստացումներ, որոնց մասին առաջիկա օրերին բոլոր կառուցապատողները դարձյալ կիրազեկվեն:
Սերգեյ Բագրատյանի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է ժամային սահմանափակումներ սահմանել շինաշխատանքների իրականացման համար, վերջինս հայտնեց՝ վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ Կառավարությունում ձևավորվել է գիջգերատեսչական աշխատանքային խումբ, և մի շարք միջոցառումներ արդեն իսկ քննարկվել և մշակվել են, այդ թվում՝ Երևանում գծային ենթակառուցվածքների, շինարարության տևողությունների և ժամային կարգավորումների վերաբերյալ:
«Նպատակն այն է, որ մենք սահմանափակենք շինարարության տևողությունը»,- հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով, որ նաև մտածում են տարբեր տուրքեր սահմանել՝ կախված ժամկետներից, այսինքն՝ եթե գիշերային ժամերին է իրականացվում կամ պիկ ժամերից դուրս է իրականացվում շինարարությունը, այլ մոտեցում լինի: