Ճանապարհաշինության հիմնական ուղղություններով երկու պատվիրատու ունենք հանրապետությունում. մեկը համայնքներն են՝ հիմնականում սուբվենցիոն ծրագրերի մասով, մյուսը ՏԿԵ նախարարությունն է՝ ի դեմս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի: Այս երկու տեղերից մենք 2018 թվականից սկսած շուրջ 5000 կմ ճանապարհ ենք կառուցել, վերակառուցել, նորոգել և հիմնանորոգել ՀՀ-ում: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ընթացքում, ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Այդ ճանապարհների մի մասը եղել է միջին նորոգման աշխատանքներ, մյուս մասը՝ հիմնանորոգման: Սովորական երթևեկության պայմաններում միջին նորոգման շահագործման ժամկետ է սահմանվում 5 տարին, այսինքն՝ 5 տարի հետո այդ ճանապարհը նորից ենթակա է միջին նորոգման: Բնականաբար, մայրաքաղաքում և հանրապետության այն հատվածներում, որտեղ երթևեկությունն ավելի ինտենսիվ է, ժամկետը 4 տարի է, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ եթե 2018-ի ընթացքում ամենալավ որակի միջին նորոգում ունենայինք, միևնույն է՝ 2023-2024-ին այդ ճանապարհը նորից միջին նորոգման ենթակա էր: Նույնը՝ հիմնանորոգման մասով: Շուրջ 8-10 տարի է հիմնանորոգման ժամկետը, և եթե 2018-ին մենք հիմնանորոգված ճանապարհ ունենայինք, և այն ամենալավ որակով էլ լինի, 8-10 տարի անց ենթակա է նորոգման:
Դրա համար նույն ճանապարհի վրա որոշակի պարբերականությամբ՝ 5 տարին մեկ, աշխատանք իրականացնելը այդ աշխատանքի՝ նախորդիվ վատ որակով իրականացվելու մասին չի խոսում»,- նշեց ՏԿԵ նախարարը:
Նրա խոսքով՝ իր ասածից չի բխում, թե ՀՀ-ում ճանապարհները կառուցվում են առանց թերությունների:
«Բնականաբար, այդպես չէ: Իհարկե, վերջին տարիներին, ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ որակական էական փոփոխություններ ենք ունեցել»,- ասաց Խուդաթյանը՝ նշելով, որ եղել են նաև ճանապարհներ, որոնց կառուցման մասով ունեցել են խնդիրներ՝ դրանք նորից են վերանորոգվել, նորոգվել շինարարների միջոցներով:
«Քաղաքացիների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նոր կառուցված ճանապարհը մենք նորից ենք կառուցում, բայց պիտի ասեմ, որ այնտեղ որակի հետ կապված խնդիր է արձանագրվել ըստ ամենայնի, և շինարարն իր միջոցների հաշվին այնտեղ շերտի փոփոխության, ամբողջովին կառուցման աշխատանքներ է իրականացնում»,- հայտնեց նա՝ որպես օրինակ բերելով Վայոց ձորի՝ Ելփինով անցնող ճանապարհը: