2025-ի ամենաէական, շոշափելի և նշանակալի քայլը 2025-ի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր, երբ ընդունվեց հռչակագիր ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի կողմից, և դա որպես ականատես ստորագրեց ԱՄՆ նախագահը: Այդ մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ այդ նույն հռչակագրի շրջանակում ինքն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նախաստորագրեց խաղաղության համաձայնագիրը, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
«Դա շատ շոշափելի ազդեցություն ունի մեր քաղաքացիների կյանքի համար՝ մի կողմից, մյուս կողմից՝ տնտեսական այս մեծ ծրագիրը մեծ հաշվով ունի շատ էական քաղաքական նշանակություն: Այն միաժամանակ և խաղաղության հաստատման հետևանք է, միևնույն ժամանակ, խաղաղության ամրապնդման և շարունակականության թիվ մեկ երաշխիքը»,- ասաց ԱԳ նախարարը: