Ժողովուրդը ինչ որոշի, ես կանեմ: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչու է վարչապետը հնարավոր հաղթանակի պարագայում առաջինը մեկնելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, վարչապետը պատասխանեց՝ առաջինի կամ երկրորդի հարց չի:
«Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ եմ մեկնելու, Փարիզ էլ, Թբիլիսի էլ եմ մեկնելու, ասել եմ, որ հույս ունեմ նաև՝ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում: Պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել»,- հայտարարեց վարչապետը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ ընդգծեց՝ լարվածություն չի տեսնում, դա արհեստական լարվածություն է։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ ՌԴ նախագահի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ:
Գիտեք, այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, այդ սխեմաները պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին, իսկ ընդհանուր առմամբ բոլոր հարցերն էլ քննարկվում են ըստ անհրաժեշտության:
Եթե այդ հարցերի քննարկման անհրաժեշտություն ծագի, թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներով նման հարց քննարկելու անհրաժեշտություն չի առաջանա»,- ընդգծեց նա։