Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է օրեր առաջ արված հայտարարությանը, որը վերաբերում էր Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայկական արտադրության զենքի արտահանմանը։
Նախարարը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որում նշում է՝ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե և զինատեսակների քանակ, արժեք և տեսակ չի հնչեցրել, քանի որ, որպես կանոն, նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև՝ հրապարակային, հանրային այդ տվյալները ներկայացնելու։
«Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն՝ սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են։
Սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Այսինքն՝ շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե՛ իբրև պետություն և թե՛ հայաստանյան ընկերությունները՝ որպես մասնավոր հատված, բիզնես գործընկերներ, լինեն վստահելի և հուսալի։ Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների, իսկ ապագա նոր գործարքներ ևս լինելու են»,-նշել է նա։
Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ կառավարության կողմից այլ երկրներ արտահանում կազմակերպելու վերաբերյալ թույլտվություններ արդեն ստացվել են։
«Բայց մենք, թե՛ կառավարությունը, թե՛ մասնավոր հատվածը պիտի շատ զգուշորեն հետևենք և մեզ դրսևորենք իբրև պրոֆեսիոնալ՝ չվտանգելու հնարավոր որևէ ապագայի այլ գործարքներ այլ ընկերությունների հաշվին։ Երբ բոլոր կողմերը որոշում կկայացնեն, որ դրանք պիտի հանրային, հրապարակային լինեն, ապա այդ պարագայում մենք սիրով՝ թե՛ մենք, թե՛ ընկերությունները, կներկայացնենք և՛ ուղղությունները, և՛ զինատեսակները, և՛ ինչու ոչ՝ նաև գործարքի ծավալները»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։