Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ «գաղտնի այցելել է» Արաբական Միացյալ Էմիրություններ և հանդիպել է այդ երկրի նախագահի հետ։
Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետի հանդիպումը նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանգեցրել է «պատմական առաջընթացի»։
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց, ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այցի մասին տեղեկությունները «լիովին անհիմն» են, և պնդել, որ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված չեն «ոչ պաշտոնական համաձայնագրերի» վրա։
Հայտարարության մեջ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հերքել է Նեթանյահուի կամ որևէ այլ իսրայելական ռազմական պատվիրակության կողմից երկիր ենթադրյալ այցի մասին տեղեկությունները՝ ընդգծելով․
«ԱՄԷ-ն հաստատում է, որ Իսրայելի հետ իր հարաբերությունները հրապարակային են և իրականացվում են հայտնի և պաշտոնապես հռչակված «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակում, այլ ոչ թե անթափանց կամ ոչ պաշտոնական համաձայնագրերի հիման վրա»։
«Աբրահամյան համաձայնագրերը» հարաբերությունների կարգավորման համաձայնագրերի շարք են, որոնք հաստատվել են Իսրայելի և մի քանի արաբական երկրի միջև նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։
Ռոյթերսը, հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ Նեթանյահուի և ԱՄԷ նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Օմանի հետ սահմանի մոտ գտնվող օազիսային քաղաքում՝ Ալ Այնում, և տևել է մի քանի ժամ։