Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել, շատ դժվար է հանգել դրանց, չգիտեմ, թե ինչու է այդպես: Միգուցե մարդ արարածի մտածողության էությունն է այդպիսին: Մարդկային հոգեբանության արգասիք է միգուցե: Այդ մասին «Երևանյան երկխոսության» շրջանակում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է խաղաղության բաղադրատոմսը:
«Խաղաղությունն է բաղադրատոմսը, խաղաղությունն է լուծումը, խաղաղությունն է այն լավագույն գործոնը, ինչի պայմաններում մարդ արարածը կարող է ապրել, համագործակցել և ուրախ լինել, երջանիկ լինել:
Թեև այս գաղափարը շատ պարզ է, բայց լուծումը պարզ չէ, և այս պարզ լուծումը չի իրականացվում պատմության ընթացքում աշխարհի բոլոր անկյուններում,- ասաց նա և հավելեց,- ես չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այս սխալները նորից ու նորից կրկնում, իսկապես չգիտեմ: Ինչո՞ւ ենք շարունակաբար սպանում միմյանց:
Ակնհայտ է, որ խաղաղությունն է այն պայմանը, որի շնորհիվ կարող ենք երջանիկ և ուրախ ապրել մեկս մյուսի հետ: Խաղաղությունն է լուծումը»:
Այս համատեքստում արտգործնախարարը նաև հիշեցրեց, որ պատմության ընթացքում եղել են տարածաշրջաններ, որ կարողացել են հասկանալ իրավիճակը և գործել հանուն խաղաղության, իսկ դրա համար անհրաժեշտ են տեսլական և գործողություն, տեսլական և քայլեր: