ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրեն Թղիստան Օղոյին։ Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն անցել է շատ բարձր մակարդակով՝ արտացոլելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրությունն ու դարավոր բարեկամությունը: Երկուստեք ընդգծվել է «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու վերահաստատել դրանց շարունակական առաջմղման հանձնառությունը: